Սագիրովի առանձնատուն
Տեսակ | շենք և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Ճարտարապետական ոճ | էկլեկտիզմ |
Հիմնադրված է | 1890 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Սագիրովի առանձնատուն (ռուս.՝ Особняк Сагирова), շենք Դոնի Ռոստովում, որը գտնվում է Ազատության հրապարակում։ Կառուցվել է 1890-ական թվականներին Նոր Նախիջևան քաղաքի կենտրոնական հրապարակում (այժմ` Դոնի Ռոստովի Պրոլետարսկի շրջանի կազմում)[1]։ Շենքն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքի նախագծի մշակումը վերագրվում է Նոր Նախիջևանի ճարտարապետ Նիկոլայ Դուրբախին։ Առանձնատանն ապրել է հացարդյունաբերող Ա. Ս. Սագիրովը։ 1906 թվականին շենքը ձեռք է բերել Ա. Շելգունովան։ 1910-ական թվականների սկզբին առանձնատունը վարձակալել է գործարար Բ. Ա. Կամերշտեյնը, որն այնտեղ բացել է «Էլդորադո» կինոթատրոնը` առաջիններից մեկը քաղաքում[1]։
1921 թվականին կինոթատրոնը վերանվանվեց ի պատիվ 3-րդ ինտերնացիոնալի։ Երեք տարի անց այն վերանվանվեց «Կազինո»։ 1920-ական թվականների վերջերին կինոթատրոնը ստացավ «Սպարտակ» անվանումը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առանձնատունը զրկվեց մուտքի վրայի ծածկից և ծեփակերտ զարդանախշի մի մասից։ Կինոթատրոնում սարքավորումները փոխելու ժամանակ փոփոխվեց շենքի հատակագիծը, հայտնվեց նոր մուտք[1]։
1999 թվականին քաղաքի հոբելյանի առթիվ կատարվեց վերանորոգում` ճարտարապետ Գ. Շևչենկոյի ղեկավարությամբ։ Ճարտարապետ և վերականգնող Լյուբով Վոլոշինովան նշել է այդ վերանորոգման վատ որակը. «Ցոկոլը երեսպատել են փոքր չափսերի ցեմենտե սալիկներով, փոփոխվել է նախնական գունային գամման, կառուցվել են ժամանակակից մետաղական ծածկեր»[1]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեկուկես հարկանի առանձնատան գլխավոր ճակատը նայում է Ազատության հրապարակին։ Արևելքում տանը հարում է Քեչեկյանի առանձնատունը։ Սագիրովի տան ձևավորման մեջ միավորված են կլասիցիզմի և բարոկկոյի տարրերը։ Առանձնանում է եռանկյունաձև ճակտոններով ավարտվող կողային ելուստավորումը։ Ճակատի կենտրոնական մասում հինգ ուղղանկյուն պատուհաններ են, որոնք զարդարված են դեկորատիվ երեսկալներով։ Ճակատն ավարտվում է քիվով, որի վրա նախկինում տեղադրված են եղել ծեփակերտ դեկորատիվ ծաղկամաններ[1]։
Ի սկզբանե առանձնատան հարավային մասում գտնվել են նախասրահը և կենտրոնական դահլիճը, իսկ հյուսիսայինում` հյուրասենյակը և ննջասենյակը։ Ցոկոլային հարկը զբաղեցրել են օժանդակ տարածքները։ Կենտրոնական դահլիճը տեսողական բաժանված էր հենասյուներով, որոնց մեկ զույգը զարդարված էր կարիատիդներով, իսկ մյուսը` ատլանտներով։ Պատերը զարդարված էին քիվերով և դեկորատիվ ծոփորներով, առաստաղին տեղակայված էր երեք ծեփակերտ առաստաղազարդ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Волошинова Л. Ф. Бульварная площадь. — Ростов-на-Дону: Донской издательский дом, 2001. — С. 111—117. — (Серия "Судьбы улиц, площадей, зодчих"). — ISBN 5-87-688-202-X
- ↑ «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.